BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երեկ որոշակիացավ ամեն ինչ

Երեկ որոշակիացավ  ամեն ինչ
27.06.2014 | 12:50

Բացառած երեկվա վերջին չորս դիմակայությունները՝ արդեն իսկ հայտնի են ֆուտբոլի աշխարհի ընթացիկ առաջնության Բրազիլիա-Չիլի, Կոլումբիա-ՈՒրուգվայ, Հոլանդիա-Մեքսիկա, Կոստա Ռիկա-Հունաստան, Ֆրանսիա-Նիգերիա, Արգենտինա-Շվեյցարիա play-off-յան զույգերը: Խմբայինում ունեցած հաջող ելույթի շնորհիվ, անկախ վերջին խաղի արդյունքից, սպասողական վիճակում «մարտական պոստում» է և Բելգիայի ընտրանին (H խումբ): Մնացածները դեռ քրտնելու, կաշվից դուրս գալու, երկրպագուներին իրենց լավը լինելու, ապացուցելու բաներ ունեն: Իսկ թե ովքե՞ր էին հատկապես հաջողելու, պատասխան էր տալու երեկվա օրը:

ՈՐՈՇՈՂԸ ԲՐԱԶԻԼԻԱՆ Է
Անկախ երրորդ խաղի արդյունքից՝ Հոլանդիայի ու Չիլիի ընտրանիներն առաջին-երկրորդ տեղով արդեն իսկ ելել էին մեկ ութերորդ եզրափակիչ, ու խնդիրն այս փուլում ո՞ւմ մրցակից ստանալու հարցի պատասխանի մեջ էր: Սակայն իրավիճակն այնպիսին էր, որ, ըստ էության, նրանք զրկված էին որոշելու հնարավորությունից, քանի որ, ի դեմս A խումբը ներկայացնող ու պայքարի մեջ մնացած Բրազիլիայի, Մեքսիկայի, Հորվաթիայի ընտրանիների, պատասխան տվողները վերջիններս էին լինելու: Ասել է թե, ընտրության հնարավորությունը նրանցն էր: Ինչ խոսք, որ այս եռյակից ամենաշահեկան վիճակում Բրազիլիայի ընտրանին էր, քանի որ մրցակիցը Կամերունի անհամեմատ թույլ հավաքականն էր, մինչդեռ մյուս երկուսն իրար հետ մրցակցությունում պիտի որոշեին, թե ով է ստանալու պայքարը շարունակելու հնարավորությունը:
Իմանալով Հոլանդիա-Չիլի մրցակցության ելքը (2:0), Բրազիլիան ծնկի բերեց Կամերունին (4:1)՝ դրանով իսկ play-off-ում նախապատվությունը տալով Չիլիի ընտրանուն: Մեքսիկա-Հորվաթիա դիմակայությունում արևմտյան կիսագնդի ներկայացուցիչն առավել համոզիչ եղավ՝ իր առավելությունը նրա նկատմամբ ֆիքսելով 3:1 հաշվով: Եթե տեսնում եք, մեկ ութերորդի խաղային առաջին օրվա մասնակիցները բացառապես Ամերիկա մայր ցամաքի ներկայացուցիչներ են, ինչը նշանակում է, որ արդեն հունիսի 28-ին նրանք պակասելու են ուղիղ կեսով: Բրազիլացիների խաղը Չիլիի հետ մեր ժամանակով 20.00-ին է, իսկ կոլումբիացիներն ՈՒրուգվայի հետ կմրցեն չորս ժամ անց:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՆԱՑԱԾ ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒՅԹԸ
Ֆանտաստիկ դրամատիկ ստացվեց ՈՒրուգվայ-Իտալիա մրցակցությունը, որտեղ եղավ և ուրուգվայցիների վճռորոշ գոլը (1:0), և դաշտից Կլաուդիո Մարկիզիոյի հեռացումը և Լուիս Սուարեսի կողմից այնքան ցանկալի Կելինիին կծելը (անցած տարի փորձն անհաջողության էր մատնվել): Ի դեպ, սա ուրուգվայցու մարզական կենսագրությունում մրցակցին կծելու երրորդ դեպքն էր: Մի խոսքով, Իսպանիայի ու Անգլիայի ընտրանիների օրինակով իտալացիներն էլ վաղաժամ հրաժեշտ տվեցին աշխարհի առաջնությանը, սակայն, վերջին երկուսի համեմատ, իտալացիները գոնե բնավորություն ցույց տվեցին: Իհարկե, եղածի դիմաց (նկատի ունեմ պարտությունը) հայրենիքում նրանց ցնծությամբ չեն ընդունի, բայց անարգանքի սյունին հանրորեն գամելու առանձին անհրաժեշտություն էլ թերևս չառաջանա, ու բավարարվեն խիստ զգուշացումով՝ գրանցելով կամ չգրանցելով անձնական քարտում:
Մինչդեռ բոլորովին այլ է իտալացիների բախտակիցների վիճակը, թեև կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, իսպանացի ֆուտբոլասերների զայրույթը փոքր-ինչ մեղմվեց ավստրալացիների հետ խաղում գրանցված 3:0 հաշվով հաղթանակից (թող որ ոչինչ չասող) ու տղաներին տուն բերող ինքնաթիռը կայծակի խփելուց հետո: Լա՜վ, ասենք թե իսպանացիներն այսքանով պլստացին, բա անգլիացի մարզասերների ցասումից պրծնելու ի՞նչ հնար են մտածում երկրի մարզական հեղինակությունը գետնով տվածները, ովքեր Կոստա Ռիկայի հետ ոչ միայն իրենց, այլև մրցակցի համար ոչինչ չասող հանդիպումում (Աստծուց էլ ի՞նչ էին ուզում) դեմք փրկելու շանս էին ստացել ու չկարողացան օգտվել (խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով): Ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ անգլիացիների պարագայում ինքնաթիռի «պրիոմը» պարզապես չի աշխատի (կրկնվելու մեջ ո՛չ հմայք կա, ո՛չ էլ ինքնատիպություն), իսկ նավաբեկությամբ գլուխն ազատելը կղզիաբնակների համար այնքան էլ օրիգինալ չէ: Մի խոսքով, չգիտեմ. եթե ավելի լավ տարբերակներ կան ձեր գլխում, տղերք են, օգնենք` պրծնեն:
Ինչ վերաբերում է Կոստա Ռիկայի հնարավոր մրցակցին, հավակնորդները երեքն էին՝ ճապոնացիները, կոտդիվուարցիներն ու հույները: Առաջինները ոչինչ չկարողացան հակադրել, փաստորեն, երկրորդ կազմով դաշտ ելած կոլումբիացիներին ու 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին՝ վերջիններիս համար բացարձակ գերազանցություն ապահովելով խմբում (երեք խաղում հաղթել է խփած-բացթողած գնդակների 9:2 գերազանց հարաբերակցությամբ): Փաստորեն, անցումային երկրորդ տեղի հարցը որոշվեց Հունաստան-Կոտ դþԻվուար հանդիպումում, որտեղ Օլիմպոսի բոլոր աստվածներն էին օգնության փութացել հարազատ ընտրանուն: Մրցավարի ավելացրած ժամանակում հույները տասնմեկմետրանոցից խփած գնդակով կորզեցին հաղթանակը (2:1): Հոլանդացիների խաղը Մեքսիկայի ընտրանու հետ հունիսի 29-ին, ժամը 20.00-ին է, Կոստա Ռիկա-Հունաստան խաղի մեկնարկը կտրվի նույն օրվա 23.59-ին:

ՄՐԻՑ ԵԼԱՎ, ՄՐՋՈՒՐՆ ԸՆԿԱՎ
Որ E խմբի առաջին հորիզոնականում Ֆրանսիայի ընտրանին էր լինելու, կասկած չկար: Հետևաբար ֆրանսիացիների պարագայում խնդիրն ավելի շատ վերաբերում էր ապագա մրցակցի թեկնածությանը՝ F-ից երկրորդ տեղով դուրս գալիք հավաքականին: Այդ դժբախտ երջանիկը եղավ Նիգերիան, որը թեև զիջեց Արգենտինայի ընտրանուն (3:2), այնուամենայնիվ ստացավ play-off-ում հանդես գալու իրավունք:
Ինչու դժբախտ երջանի՞կ: Բա ուրիշ էլ ի՞նչ, երբ վրա-վրա երկու խաղ ես անցկացնում աշխարհի չեմպիոնների հետ ու ինքդ էլ աշխարհի չեմպիոններ մաշկելու մեջ հմտացած Կոստա Ռիկա չես: Իհարկե, ֆրանսիացիների մրցակիցը կարող էր լինել Իրանի հավաքականը, սակայն մեր հարևան երկիրը չկարողացավ օգտվել բացառիկ հնարավորութունից, քանի որ հաղթելու փոխարեն պարտվեց բոսնիացիներին (3:1):
Մյուս զույգը կազմեցին Արգենտինայի ու Շվեյցարիայի ընտրանիները: Վերջինս այդ իրավունքը նվաճեց երեք չոր գնդակի առավելությամբ հոնդուրասցիներին հաղթելու արդյունքում: Ֆրանսիա-Նիգերիա, Արգենտինա-Շվեյցարիա զույգերը կմրցեն հունիսի 30-ին, համապատասխանաբար ժամը 20.00-ին ու 23.59-ին:
Իհարկե ցավալի էր, որ Էկվադորի բավականին հետաքրքիր հավաքականը դուրս մնաց պայքարից, սակայն որ նախորդ երկու խաղերում մրցակցի դարպասն ութ անգամ գրաված ֆրանսիացիներն անկարող եղան խոցելու նրա դարպասը, ինքնին խոսուն է, մանավանդ որ խաղի մի զգալի հատված էկվադորցիները խաղացին տասը հոգով:

G-H-ԱԿԱՆՆԵՐ, ԿԱՄ ԲԱԽՏԻ ԱՐԵՎԸ ԿԾԵՄ
G-H-ականներ ասելով՝ նկատի ունեմ այդ խմբերում հանդես եկող ընտրանիները: Այստեղ ամեն ինչ որոշողը ԱՄՆ-Գերմանիա, Պորտուգալիա-Գանա (G խումբ), Հարավային Կորեա-Բելգիա, Ալժիր-Ռուսաստան (H խումբ) երեկվա հանդիպումներն էին, միայն մեկ վերապահումով, որ H խմբում բելգիացիները վաղօրոք էին ապահովագրել առաջին տեղը, և մնում էր պարզել, թե G խմբից ում էին մրցակից ունենալու: Եկեք տարբերակները չքննարկենք, քանի որ մինչև թերթի լույս տեսնելն ընթերցողին ամեն ինչ վաղօրոք հայտնի կլինի: Իհարկե չպարզված հարցեր կան նաև H խմբում երկրորդ տեղը գրավող թիմը որոշելու հարցում, սակայն դրան էլ չենք անդրադառնում՝ դարձյալ նույն տրամաբանությամբ:
Քանի որ ենթավերնագրի առաջին մասով ընթերցողին տրվեց մեկնաբանություն, բացատրեմ թե ինչու «բախտի արևը կծեմ»: Նախ նկատի ունեմ ԱՄՆ-ի ընտրանին, որը խմբից դուրս գալու որոշակի հեռանկար ունի ու նաև մտածելու իրավունք, որ իր հավաքականի ազգությամբ գերմանացի մարզչի գործոնը կարող է Գերմանիայի ընտրանու հետ խաղում լինել ավելի քան գործոն, և երկրորդ, քանի որ հանգամանքների բերումով դեռևս Խորհրդային Միության տարիներին եղել եմ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում ու ապշանքով ֆիքսել, որ այդ հսկա երկրի տեղը չգիտեն, մտածում եմ՝ իսկ գուցե ֆուտբո՞լն օգնի նրանց քարտեզ նայելու, մանավանդ որ Ալժիրի դեմը կանգնածներն այդ նույն Խորհրդային Միության իրավահաջորդ ռուսներն են: Բա որ մեկումեջ երբեմն ասում եմ, որ ֆուտբոլը միայն խաղ չէ, կարծում եք` հենց այնպե՞ս եմ ասում:

ԵՐԿՐՈՐԴ ՀԵԹ-ՏՐԻԿԸ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գրանցվեց երկրորդ հեթ-տրիկը: Հեղինակը Շվեյցարիայի ընտրանու հարձակվող Շերդան Շաքիրին է: Փաստն արձանագրվել է Հոնդուրասի հետ սկզբունքային խաղում, որտեղ եվրոպացիներին միայն ու միայն հաղթանակ էր անհրաժեշտ հետագա պայքարը շարունակելու համար: Սա ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ թվով հիսուներորդ նմանատիպ արդյունքն է: Հիշեցնենք, որ առաջին հեթ-տրիկի հեղինակը Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերն էր: Ինչ վերաբերում է առաջնության ռմբարկուներին, չորս գոլով աղյուսակի վերին հորիզոնականում են Լիոնել Մեսին ու Նեյմարը (ի դեպ՝ արգենտինացու երկու գոլը վճռական է եղել հավաքականի հաղթանակն ապահովելու հարցում): Երեք գոլ խփածներն անհամեմատ շատ են: Առավել հայտնիներից այստեղ են Արիեն Ռոբենն ու Քարիմ Բենզեման, ով իրականում հեղինակել է հինգ գոլ, սակայն երկուսն այդպես էլ չի գրանցվել:

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՉՀԵՐՈՍԱՆԱԼ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկն անկասկած լինելու է Բրազիլիա-Չիլի առճակատումը, որտեղ շատերը վաղապես պարտված կողմ են համարում Չիլիի ընտրանին: Ինչ խոսք, ներուժով նրանք հավասարազոր թիմեր չեն, ու այս պնդման մեջ բնավ էլ նշանակություն չունեն անցյալում կողմերի ունեցած նվաճումները: Չպիտի մոռանալ, որ երկուսն էլ լատինաամերիկյան թիմ են, երկուսն էլ դավանում են տեխնիկապես գրագետ, անհատական բարձր վարպետության վրա հիմնված ֆուտբոլը, իսկ շատ բան կախված կլինի խաղացողների հուզական լարվածության, հոգեբանական պատրաստվածության աստիճանից: Խոշոր հաշվով չիլիացիները կորցնելու գրեթե ոչինչ չունեն. եթե պարտվեն էլ, պարտվելու են աշխարհի հնգակի չեմպիոններին, իսկ սա ծանրակշիռ «հաղթաթուղթ» է արդարացումների համար: Մի կողմից էլ բրազիլացիներն են բավական ծանր վիճակում: Սեփական դաշտի գործոնը կարող է չար կատակ խաղալ նրանց հետ: Հաղթանակը բրազիլացիների առաջ կբացի հաջորդ փուլ դուրս գալու ուղին միայն, մինչդեռ չիլիացիներին կտա նաև հերոսանալու հնարավորություն: Իսկ ինչո՞ւ չհերոսանալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ